ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / Քաղաքական Դասընթացների Երևանյան Դպրոց`

ՔԴԵԴ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ


Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) պաշտոնապես բացվել է 2005 թվականի հունիսի 29-ին` Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: Դպրոցի  նպատակն է օժանդակել Հայաստանում քաղաքական գործիչների երիտասարդ սերնդի իմացությունների ընդլայնմանը և քաղաքական ժողովրդավարական մշակույթի խորացմանը: Նախկին քաղաքական վարչակարգերի ավանդույթները հաղթահարելու և ժողովրդավարական պետություն կերտելու ունակ երիտասարդ քաղաքական գործիչներ պատրաստելը քաղաքական դասընթացների դպրոցների հիմնական նպատակներից է: Դպրոցն իրականացնում է քաղաքական կրթության ծրագիր, գործնական, կիրառական քաղաքագիտության ուսուցում:


ՔԴԵԴ-ի նպատակն է`
  • նպաստել մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական այլ արժեքների ներկայացմանն ու տարածմանը,
  • հնարավորություններ ստեղծել քաղաքական մասնակցություն ունեցող երիտասարդության համար ճանաչել միմյանց և միասնաբար արդյունավետորեն մասնակցել ժողովրդավարության համախմբման եվրոպական գործընթացին:
 
Դպրոցի հաջողակ ունկնդիրներն ուսումնական տարվա ընթացքում մասնակցում են մեկ շաբաթ տևողությամբ առնվազն երեք սեմինարի Հայաստանում և ամփոփիչ սեմինարի հրավիրվում Ստրասբուրգ, Եվրոպայի խորհուրդ, որտեղ նրանց տրվում են ավարտական դիպլոմներ:
 
Կազմակերպվող սեմինարներն ու միջսեմինարային ժամանակահատվածում մասնակիցների մշակած ուսումնասիրություններն առավելապես անդրադառնում են քաղաքական հիմնարար և հրատապ թեմաների. Հայաստանի դերին գլոբալացվող աշխարհում, երկրի ժողովրդավարական զարգացումների բովանդակությանը, եվրոինտեգրման ընթացքին, սահմանադրական բարեփոխումներին: