
Թողարկման օրը՝ 08.02.2023թ.
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2023 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին (սեմինարներ, քննարկումներ, հանդիպումներ և այլն) մասնակցելու համար: Միջոցառումները բազմաթեմատիկ են, վերաբերելու են ամենաակտուալ խնդիրների և նպաստելու են մասնակիցների ինտելեկտուալ առաջընթացին: Եվս մեկ միջոցառում նախատեսվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա), որի մասնակիցների ընտրության պայմանների մասին կհայտարարվի լրացուցիչ:
ՔԴԵԴ-ը Քաղաքական դասընթացների դպրոցների Եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է, քաղաքականապես չեզոք, չի հարում քաղաքական որևէ հոսանքի, կուսակցության, խմբի կամ անհատի:
ՔԴԵԴ-ը Հայաստանում ստեղծված առաջին քաղաքական դպրոցն է և գործում է արդեն 18 տարի:
ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդ քաղաքական և հանրային գործիչների իմացությունների ընդլայնմանը և ժողովրդավարական մշակույթի խորացմանը:
ՔԴԵԴ-ի հայաստանյան միջոցառումներին հրավիրվում են հանրապետության լավագույն էքսպերտները, օտարերկրյա փորձագետներ, դեսպաններ:
Ստրասբուրգյան սեմինարներին դասախոսություններով հանդես են գալիս պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներ և անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, եվրոպական առաջատար համալսարանների դասախոսներ և այլք:
ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության և ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում և նրանց ստորաբաժանումներում, հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային և տեղական կառավարման մարմիններում, բիզնեսում և տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաև լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտության ոլորտի մասնագետները:
Հայտատուն պետք է՝
-
լինի 23-ից մինչև 40 տարեկան,
-
ունենա երկու տարուց ոչ պակաս (2021-2023թթ. ներառյալ) մասնագիտական աշխատանքային ստաժ: Ուսումնառության, զինվորական ծառայության, կամավորական աշխատանքի ժամանակահատվածը չի համարվելու մասնագիտական ստաժ,
-
աշխատելիս լինի,
-
լինի Եվրոպայի խորհրդի որևէ անդամ-պետության լիիրավ քաղաքացի:
Անգլերենի կամ ֆրանսերենի իմացությունը նախընտրելի է:
Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կազմակերպելիք միջոցառումներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն.
-
դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձև), որի բոլոր կետերը ենթակա են պարտադիր լրացման,
-
մեկ լուսանկար (փակցնել դիմում-հարցաթերթիկին),
-
անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն: Նույնականացման քարտի կամ կենսաչափական անձնագրի դեպքում նաև տեղեկանք հաշվառման վայրի վերաբերյալ),
-
ինքնակենսագրություն (CV),
-
տեղեկանք աշխատավայրից (հատուկ ձև)՝ պարտադիր կնքված ու ստորագրված,
-
հավաստագիր (հատուկ ձև):
Ըստ անհատական դեպքի, կարող են պահանջվել այլ փաստաթղթեր ևս:
Հայտատուին երաշխավորող անձը/ մարմինը պատասխանատվություն է կրում իր կողմից ՔԴԵԴ գործուղվող հայտատուի համար: Մասնավոր անձանց մասնակցություն ՔԴԵԴ ծրագրին չի նախատեսվում:
Նախնական մրցույթի փուլը (փաստաթղթերի ուսումնասիրություն) հաղթահարած թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն:
ՔԴԵԴ-ի հայաստանյան միջոցառումները կազմակերպվում են ինչպես Երևանում, այնպես էլ մայրաքաղաքից դուրս: Ուսումնառության և կեցության ծախսերը հոգում է ՔԴԵԴ-ը: Հայաստանյան ուսումնական ցիկլի ողջ գործընթացը մասնակցի կողմից համաֆինանսավորվում է 39 800 ՀՀ դրամի չափով:
Միջոցառումների հայաստանյան ցիկլը բարեհաջող ավարտողները կարող են դիմել ստրասբուրգյան սեմինարին մասնակցելու համար: Դիմումները քննության կառնվեն ըստ Եվրոպայի խորհրդի սահմանած պայմանների և քվոտաների:
Հայաստանյան դասընթացը բարեհաջող ավարտածներին Եվրոպայի խորհրդի կողմից կտրվի ավարտական վկայական:
Որևէ փուլում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից՝ դրանք ի հայտ գալուն պես:
Փաստաթղթային փաթեթը ներկայացնել անձամբ՝ անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությամբ: Թերի ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման: ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում և չեն վերադարձվում: Էլեկտրոնային տարբերակով ուղարկված փաստաթղթերը չեն կցվում գործերին: Ներկայացնել միայն բնօրինակները:
Դիմումներն ընդունվում են
փետրվարի 27-ին և 28-ին, ժամը 12:30-ից 16:30-ը: Այդ օրերին հանրապետությունից բացակայողները կարող են փաստաթղթային փաթեթը հանձնել ավելի վաղ՝ նախապես պայմանավորվելով: Հասցե՝ Խորենացու պող. 33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ՝ գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:
Հեռախոս՝ 010 51 11 71
Կայք՝
www.ysps.am