YSPS
 
 
 
PARTNERS
 
ՔԴԵԴ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ


Թողարկման օրը՝ 07.06.2017թ.

Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչև մեկ շաբաթ տևողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինար Հայաստանում (սեմինարները տեղի կունենան տարբեր ամիսների) և մեկ սեմինար Ստրասբուրգում (Ֆրանսիա): Յուրաքանչյուր հաջորդ սեմինարին կհրավիրվեն միայն ուսումնական գործընթացին պարտաճանաչորեն և որակով մասնակցողները: Ստրասբուրգյան սեմինարի ավարտին ՔԴԵԴ-ի շրջանավարտներին կտրվեն վկայականներ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստորագրությամբ: Ստրասբուրգյան սեմինարին կհրավիրվեն միայն արդյունավետությամբ աչքի ընկած մասնակիցները: ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդ քաղաքական գործիչների իմացությունների ընդլայնմանը և քաղաքական ժողովրդավարական մշակույթի խորացմանը: Ստրասբուրգյան սեմինարներին դասախոսություններով հանդես են գալիս պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներ և անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, եվրոպական առաջատար համալսարանների դասախոսներ և այլք: Հայաստանյան սեմինարներին հրավիրվում է հանրապետության լավագույն էքսպերտային կազմը, օտարերկրյա փորձագետներ, դեսպաններ:

ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության և ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում, հայտնի հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային և տեղական կառավարման մարմիններում, բանակում, ոստիկանությունում, բիզնեսում և տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում, նրանց երիտասարդական կառույցներում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաև լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտական ոլորտի մասնագետները:

Մասնավոր անձանց մասնակցություն ՔԴԵԴ-ի սեմինարներին չի նախատեսվում:

Հայտատուն պետք է՝

1. լինի 23-ից մինչև 35 տարեկան: Ընտրվելիք մասնակիցների 25 տոկոսի չափով բացառություն կարվի մինչև 40 տարեկանների համար,

2. ունենա 3 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքային ստաժ (ուսումնառության, զինվորական ծառայության, կամավորական աշխատանքի ժամանակահատվածը չի համարվելու մասնագիտական ստաժ) և աշխատելիս լինի,

3. լինի Եվրոպայի խորհրդի որևէ անդամ-պետության լիիրավ քաղաքացի:

Անգլերենի, ֆրանսերենի կամ ռուսերենի իմացությունը պարտադիր է:

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կազմակերպելիք սեմինարներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն.

1. դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձև),

2. 2 լուսանկար (մեկը փակցնել դիմում-հարցաթերթիկին),

3. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն: Նույնականացման քարտի դեպքում նաև տեղեկանք հաշվառման վայրի վերաբերյալ),

4. շարադրանք «Ինչո՞ւ եմ ցանկանում սովորել ՔԴԵԴ-ում» թեմայով (մեկ տպագիր էջի սահմաններում),

5. ինքնակենսագրություն (CV),

6. երաշխավորագիր` պարտադիր կնքված, հայտատուին գործուղող կառույցի ղեկավարից առ այն, թե՝

ա. ինչո՞ւ է հայտատուին երաշխավորում մասնակցել ՔԴԵԴ-ի սեմինարներին: Որո՞նք են սպասելիքները,

բ. ինչո՞վ են իր կազմակերպության նպատակներն ու ծրագրերը համընկնում ՔԴԵԴ-ի առաքելության հետ:
Երաշխավորող մարմինը պատասխանատվություն է կրում իր կողմից ՔԴԵԴ գործուղվող հայտատուի համար: Երաշխավորողի կողմից հայտատուի երաշխավորագիրն ուժը կորցրած համարելու դեպքում հայտատուն այլևս չի հրավիրվում ՔԴԵԴ-ի սեմինարներին,

7. հավաստագիր` պարտադիր կնքված (հատուկ ձև),

8. աշխատանքային գրքույկի բնօրինակը և դրա պատճենը՝ վերջին 3 տարվա (2014-2017) աշխատանքային ստաժի նշումով: Անհրաժեշտության դեպքում՝ մասնագիտական աշխատանքային ստաժի առկայությունը հիմնավորող փաստաթղթեր իրավասու պետական մարմիններից:   

Ֆաքսով կամ էլ. փոստով ստացված փաստաթղթերը չեն կցվում գործերին: Ներկայացնել միայն բնօրինակները:

Ըստ անհատական դեպքի, կարող են պահանջվել այլ փաստաթղթեր ևս:

Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները, դրանք ի հայտ գալուն պես, կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, պահանջ լինելու դեպքում, պետք է ներկայացնեն իրենց կազմակերպության ակտիվ գործունեության մասին վկայող փաստարկներ և հրապարակումներ:

Նախնական մրցույթի փուլը հաղթահարած թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն:  

ՔԴԵԴ-ի սեմինարներն արտագնա են (Ծաղկաձոր, Ջերմուկ, Ստրասբուրգ և այլն): Հայաստանյան և արտերկրում կազմակերպվող սեմինարների մասնակցության ու կեցության ծախսերի մեծ մասը (ճանապարհածախս, հյուրանոց, սնունդ և այլն) հոգում է  ՔԴԵԴ-ը: ՔԴԵԴ-ի մասնակցի կարգավիճակով ստրասբուրգյան սեմինարին հրավիրվողները մասնակիորեն՝ 410 եվրոյի չափով հանգանակությամբ, մասնակցում են ՔԴԵԴ-ի ծրագրերի իրականացմանը:
  
Եվրոպայի խորհրդի կողմից սեմինարների և մյուս միջոցառումների չֆինանսավորման կամ ֆինանսավորման կրճատման պարագայում կարող է կրճատվել միջոցառումների ու մասնակիցների քանակը:

Փաստաթղթային փաթեթը ներկայացնել անձամբ՝ անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությամբ: Թերի ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման: ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում և չեն վերադարձվում: 

Դիմումներն ընդունվում են հունիսի 28-ին և 29-ին, ժամը 13:00-ից 15:00-ը: Հասցե՝ Խորենացու պող. 33,  «Տաշիր» կենտրոնի 6-րդ՝ գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:

Հեռախոս՝ 010 51 11 39
Կայք՝ www.ysps.am