|
 | Քաղաքական Դասընթացների Երևանյան Դպրոց |
|
 Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդի ուղերձը գրված Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի համար >>>
|
|
ՄԵՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ |
 |
|
|
| |
|
|
|
 Հունվարի 27-29-ին Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում տեղի ունեցավ ՔԴԵԴ-ի 2012 թվականի առաջին սեմինարը, որի ընթաքում ՔԴԵԴ-ի 7–րդ դասարանում ընդգրկված մասնակիցներն ու մի խումբ շրջանավարտներ մասնակցեցին Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին վերաբերող քննարկումների: Դասախոսությունները նվիրված էին ինչպես արտաքին քաղաքականության ոլորտում, այնպես էլ երկրի ներքին կյանքում դրսևորվող պրոցեսներին: Մասնավորապես` խորհրդարանական ընտրություններից առաջ անդրադարձ եղավ ընտրական համակարգերի արդյունավետության խնդրին և կուսակցությունների դերին ընտրությունների ժամանակ:
Բացի այդ, քննարկում ծավալվեց նաև Ռուսաստանում ու Թուրքիայում այսօր տեղի ունեցող գործընթացներին և դրանց հնարավոր ազդեցություններին երկկողմ հարաբերությունների վրա:
Եռօրյա սեմինարի ընթացքում դասախոսություններով հանդես եկան վարչապետ Տիգրան Սարգսյանը (նա ՔԴԵԴ-ում հյուրընկալվեց իր ծննդյան օրը` հունվարի 29–ին և նախատեսված երկու ժամանոց դասախոսության փոխարեն շուրջ հինգ ժամ անցկացրեց դպրոցի մասնակիցների ու շրջանվարտների հետ, պատասխանելով նաև նրանց հարցերին), ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Պետրի Սալոն և այլք:
| |
ՔԴԵԴ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
 Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) պաշտոնապես բացվել է 2005 թվականի հունիսի 29-ին` Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: Դպրոցի նպատակն է օժանդակել Հայաստանում քաղաքական գործիչների երիտասարդ սերնդի իմացությունների ընդլայնմանը և քաղաքական ժողովրդավարական մշակույթի խորացմանը: Նախկին քաղաքական վարչակարգերի ավանդույթները հաղթահարելու և ժողովրդավարական պետություն կերտելու ունակ երիտասարդ քաղաքական գործիչներ պատրաստելը քաղաքական դասընթացների դպրոցների հիմնական նպատակներից է: Դպրոցն իրականացնում է քաղաքական կրթության ծրագիր, գործնական, կիրառական քաղաքագիտության ուսուցում: | |
ՔԴԵԴ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
 ՔԴԵԴ-ը թևակոխել է իր գոյության երրորդ տարին: Դպրոցով արդեն իսկ անցել են հասարակության մեջ իրենց տեղը նվաճած շուրջ 100 անհատներ: ՔԴԵԴ-ն ունեցել է ավելի քան 70 շրջանավարտ, որոնց ստրասբուրգյան սեմինարների ավարտին (2006 հուլիսի 9-14 և 2007 հուլիսի 2-7) շնորհվել են ավարտական դիպլոմներ:
ՔԴԵԴ-ի ունկնդիրները երկրի քաղաքական և հասարակական կյանքում մասնակցություն ունեցող երիտասարդներ են: Յուրաքանչյուր ուսումնական տարում ՔԴԵԴ ծրագրում ընդգրկվում է մինչև 40 մասնակից (միջին տարիքը՝ 30, առավելագույնը՝ 40): Դպրոցում, իբրև ունկնդիր-մասնակիցներ, ընգրկված են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ: Մասնակիցների և շրջանավարտների մեջ են ԱԺ պատգամավորներ, փոխնախարար, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, հանրապետության նախագահի, ԱԺ, Սահմանադրական դատարանի, նախարարությունների աշխատակազմերի աշխատակիցներ, ակտիվ հասարակական կազմակերպությունների, բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքագետներ, լրագրողներ, համալսարաններում քաղաքականություն դասավանդողներ, հոգևորականներ: ՔԴԵԴ-ի շրջանավարտ է գիտությունների 17 թեկնածու: | |
ՔԴԵԴ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ
 Յուրաքանչյուր տարի ՔԴԵԴ-ի հայաստանյան սեմինարներում դասախոսությամբ հանդես է գալիս 8 միջազգային և մոտ 20 հայաստանցի փորձագետ:
ՔԴԵԴ-ում դասախոսություններ են կարդում Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը, Կենտրոնական բանկի նախագահը, ԵԽ ԽՎ պատգամավոր, երկրի օմբուդսմենը, վարչապետի խորհրդականը, նախկին նախարարներ, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ: Դասախոսություններ են կարդացել ԵԽ և Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Սորբոնի, Ստրասբուրգի, Համբուրգի և այլ եվրոպական համալսարանների դասախոսներ:
«Շատ կարևոր է, որ Հայաստանում գոյություն ունի արդյունավետորեն գործող քաղաքական դասընթացների դպրոց: Այն էական ձեռքբերում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի հնգամյա անդամակցության ընթացքում, ժողովրդավարության զարգացման ու եվրոպական ինտեգրացիայի հանձնառության խորհրդանիշ»:
Ժան-Լուի Լորան
Եվրոպայի Խորհրդի Քաղաքական տնօրինության Գլխավոր տնօրեն
«Տեսնում եմ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը համախմբել է Հայաստանի ներկայով և ապագայով մտահոգված մարդկանց»:
Ջոն Էվանս
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան (2004-2006թթ.)
«Հայաստանը կարող է հպարտանալ, որ ունի այսպիսի դպրոց»:
Սթիվեն Էկովիչ
Փարիզի ամերիկյան համալսարանի դասախոս | |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ - ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ,
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ
 Իր գոյության առաջին երկու տարում ՔԴԵԴ-ը մասնակցել է միջազգային բազմաթիվ միջոցառումների:
2006 թվականից սկսած` ամեն տարվա հուլիսին Ստրասբուրգում (Ֆրանսիա) կազմակերպվում է միացյալ սեմինար «Ժողովրդավարության համալսարան» վերտառությամբ, որին մասնակցում են Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների բոլոր 15 դպրոցները` յուրաքանչյուրը 40 անդամից բաղկացած պատվիրակությամբ(ավելի քան 600 մասնակից): | |
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
- քաղաքական մասնակցություն և հետաքրքրություններ ունեցող հայաստանյան երիտասարդությունը ստանում է որակյալ գիտելիք գործնական, կիրառական քաղաքականության վերաբերյալ, գործընթացները խորքային գնահատման ենթարկելու հնարավորություն ձեռք բերում,
- տարիների ընթացքում, ի դեմս դպրոցի շրջանավարտների, Հայաստանում տեղի կունենա ինտելեկտուալ ներուժի համախմբում, որն արդեն իսկ արդյունավետորեն ներկայացված է պետական կառավարման համակարգում, հասարակական, տնտեսական, իրավական գործունեության և բազմաթիվ այլ բնագավառներում,
- հայաստանյան սեմինարները ներհայաստանյան երիտասարդական երկխոսություն ծավալելու հնարավորություն են: Դրանք երիտասարդության քաղաքական հետաքրքրություններ ունեցող հատվածին միմյանց հետ շփվելու, այդ շփումների ժամանակ սեփական մոտեցումները ներկայացնելու և այլոց փաստարկները լսելու ու բանավիճելու հնարավորություն են տալիս,
- Եվրոպայի խորհուրդը 2006 թվականից որդեգրել է եվրոպական տարբեր մայրաքաղաքներում գործող բոլոր, թվով տասնհինգ դպրոցների մասնակցությամբ տարեկան մեկական սեմինար ու կոնֆերանս կազմակերպելու մոտեցում: Դա ծրագրի հայաստանյան մասնակիցների համար Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ եվրոպական երկրների իրենց գործընկերներին հանդիպելու, կապեր ստեղծելու և համագործակցության հիմքեր դնելու հնարավորություններ է բացում:
| |
ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐ
ՔԴԵԴ-ը շարունակելու է զարգացնել արդեն իսկ ձեռք բերվածը, ունկնդիր-մասնակիցների համար կազմակերպելով որակյալ դասախոսություններ, նրանց փոխանցելով խորքային գիտելիք կիրառական, գործնական քաղաքականության ու հասարակական երևույթների մասին: Սեմինարների և աշխատանքային քննարկումների թեմատիկան առնչվելու է ինչպես ներհայաստանյան, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ հիմնարար քաղաքական խնդիրների: Քաղաքական կարևորագույն զարգացումների վերաբերյալ դպրոցի մասնակիցները կկատարեն ուսումնասիրություններ և հետազոտություններ: Լավագույն մշակումները կհրապարակվեն դպրոցի կայք էջում: | | |
|
|
|